Հաճախ գրական ստեղծագործությունը, գիրքը, կարիք է զգում պատկերազարդման, նկարների առկայության: Այս համադրումը` նկարչության և գրականության, հաճախ նկատելի է հատկապես մանկական գրականության մեջ: Պատճառը հավանաբար այն է, որ երեխաներին պատկերները ավելի շատ են գրավում, վառ գույները երևակայելու հնարավորություն են տալիս, ավելի տպավորիչ են դարձնում պատմությունը:
Հետևաբար շատ կարևոր է ընթերցանությունը խթանելու համար այս հանգամանքին ևս շատ ուշադրություն դարձնելը(առհասարակ գրքի կազմին, թղթի որակին):
«Վաղուց է ապացուցված, որ երեխաների համար նկարազարդումը ավելի կարևոր է, քան հենց տեքստը: Գեղարվեստական գրքի ազդեցությունը հատկապես երեխաների համար պայմանավորվում է գրքի պատկերազարդմամբ, նկարներով:»
Գեղարվեստական գրականության սյուժեն, կերպարները պատկերի վերածելու համար նկարիչը առաջին հերթին պետք է գրական ստեղծագործությանը ծանոթանա, այն յուրացնի և սեփական դիրքորոշմամբ, երևակայությամբ, տաղանդի շնորհիվ այն վերարտադրի:
Բնական է, որ նույն տեքստին անդրադարձող նկարիչները տարբեր նկարներ, պատկերազարդումներ պետք է ստեղծեն, քանի որ յուրաքանչյուրն իր ընկալումն է արտահայտում: Գրքերի տարբեր հրատարակությունները հնարավորություն են տալիս նաև ընթերցողին տեսնելու նույն ստեղծագործության, օրինակ` հեքիաթի տարբեր պատկերազարդումներ: Դա հնարավորություն է տալիս նաև ընտրելու, ձեռք բերելու այն գիրքը, որն առավել լավ է արտահայտում ընթերցողի ճաշակը`պատկերների առումով(ընթերցողի համար անծանոթ գրքի շապիկները կարող են մեծ դեր խաղալ գրքի ընտրության մեջ): Թեև կա հակառակ տեսակետը, որ ոչ միայն անհրաժեշտ չեն գրքերի պատկերազարդումները, այլև խանգարող հանգամանք են դառնում` ընթերցողի երևակայությունը սահմանափակում են…
Սակայն մանկական գրականության պարագայում, հեքիաթներում պատկերները յուրօրինակ դերակատարում ունեն: Հատկապես եթե հաշվի առնենք, որ փոքր տարիքի երեխաները ընթերցել չեն կարող, նրանց համար կարդում են իրենց ծնողները, մեծահասակները…իսկ երեխաներին ստեղծագործությունը ներկայանում է որպես պատկեր: Պատկերներն օգնում են անհասկանալի տառերը, բառերը սիրելու և երևակայելու այդ տեքստի շրջանակներում: Հաճախ երեխաները գրքի պատկերները դիտելով կառուցում են սեփական պատմություն-հեքիաթը:
Առաջին նկարում պատկերված է Հովհաննես Թումանյանի 1938 թ.-ին լույս տեսած «Անխելք մարդը» հեքիաթից մի նկար: Սա այն հրատարակություններից է, երբ դեռևս նկարները արվում էին սև և սպիտակ: 1970 թ.-ի հրատարակությունում հեքիաթի պատկերավորումը մի փոքր փոխված է(հեքիաթը պատկերող 2 նկարների առկայություն), բայց կրկին սև և սպիտակ գույների մեջ:
1989 թ.-ին լույս տեսած Հ.Թ.-ի հեքիաթների ժողովածուում «Անխելք մարդը» հեքիաթը գունավոր պատկերմամբ է: Այս նկարը հեքիաթը ամփոփում է գրեթե մեկ պատկերով:
Անխելք մարդը հեքիաթի պատկերավորման յուրօրինակ ընկալում է արտահայտված 2000 թվականի հրատարակությունում: Նկարի հեղինակը Ռ. Գրիգորյանն է: Անխելք մարդը ներկայացված է մի քիչ հսկայի տեսքով` բարձր հասակով, ոչ իրական դիմագծերով: Զարմանալիորեն և’ ծառը, և’ գայլը, և անգամ Աստված ավելի փոքր չափերով են: Պատկերը ձեռք է բերել ծաղրանկարի արժեք:
Նկարիչների մոտեցումները տարբեր են, վարպետությունը նույնպես, այս և այլ պատճառներով է, որ միևնույն հեքիաթը բազմաթիվ լուծումներով է պատկերվել:
Եվ այս բոլորը կատարվել ու կատարվում է երեխաներին գրավելու, ընթերցանությունը խթանելու համար: Ի վերջո արդիական է ուսումնասիրել երեխաների համար իլյուստրատիվ գրքերի դաստիարակչական դերը` իմացական, բարոյական, գեղագիտական առումներով: