Վարդավառ

вторник, 2 августа 2011 г.

Դեռատի աղջիկն ու երեսնամյա կինը

Իրականում, դեռատի աղջիկը շատ պատրանքներ ունի, նա այնքան անփորձ է, և նրա սիրո մեջ խոշոր դեր է կատարում բնազդը, և դրա համար նրա վրա հաղթանակ տանելու միտքը դժվար  թե շոյի երիտասարդին: Իսկ կինը ահագին զոհաբերույթունների  է գնում մտածված կերպով: Առաջինը տարվում է  հետաքրքրասիրությամբ, սիրույն խորթ հրապուրանքներով, մյուսը' գիտակցաբար ենթարկվում է զգացմունքին: Մեկը ենթարկվում է, մյուսը ընտրություն անում: Այդ ընտրությունը ինքնին անհունորեն շոյիչ է: Կյանքի ճանաչողությամբ զինված կինը, որի համար գրեթե միշտ նա թանկ է վճարում իր դժբախտություններով, տրվելով, կարծես ավելին է տալիս, քան ինքն է, մինչդեռ դեռատի աղջիկը, անփորձ և դյուրահավատ, ոչինչ չիմանալով, չի կարող ոչինչ համեմատել, ոչինչ գնահատել, նա ընդունում է սերը և ուսումնասիրում է այն: Կինը  ուսուցանում է, խորհուրդներ է տալիս այն տարիքին, երբ մարդս դեմ չէ, որ իրեն ղեկավարեն, երբ հաճելի է հնազանդվել, աղջիկն ուզում է ամեն ինչ ճանաչել և միամիտ է այն բանում, որում կինը քնքուշ է: Առաջինը միայն լալիս է և սփոփանքներ փնտրում, երկրորդը' հեշտասիրություն ու խղճի խայթեր ունի: Եթե դեռատի աղջիկը սիրուհի է դառնում, նշանակում է նա չափազանց փչացած է, և նրան այն ժամանակ գարշանքով կլքեն: Մինչդեռ կինը հազարավոր միջոցներ ունի պահելու միաժամանակ թե' իր իշխանությունը և թե իր արժանապատվությունը: Մեկը խիստ հնազանդ է և նրա հարատևությունը տաղտկացնում է, մյուսը խիստ շատ է կորցնում և սիրուց պահանջում է նրա բոլոր այլափոխությունները: Անվճռականություններ, սարսափներ, երկյուղներ, հուզումներ և փոթորիկներ են խռովում երեսնամյա կնոջը, մի բան, որ չի կարելի հանդիպել դեռատի աղջկա սիրո մեջ: Հասնելով այդ տարիքին, կինը պահանջում է, որ տղամարդը նրա նկատմամբ հարգանք տածի, դրանով հատուցելով այն, ինչ կինը զոհաբերել է նրան: Նա  ապրում է սոսկ նրա համար, մտահոգվում է նրա ապագայով, ցանկանում է, որ նա գեղեցիկ կյանք ունենա, նրան մղում է դեպի փառքը. կինը հնազանդվում է, խնդրում ու հրամայում, ընկնում է ու բարձրանում և գիտե սփոփել այն դեպքերում, երբ դեռատի աղջիկը միայն հեծում է: Վերջապես, նրա կացության բոլոր առավելություններից զատ, երեսնամյա կինը կարող է ձևանալ դեռատի աղջիկ, խաղալ բոլոր դերերը, ամոթխած ու գեղեցիկ լինել նույնիսկ դժբախտության մեջ:
 Այդ երկուսի միջև այնքան տարբերություն կա, ինչպիսին կա նախատեսվածի ու չնախատեսվածի միջև, ուժի ու թուլության միջև:
Օնորե դը Բալզակ